ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ոչ թե դուխով, այլ խելքով

Ոչ թե դուխով, այլ խելքով
01.06.2018 | 00:07

Հեղափոխության ու հակահեղափոխության հետ մտանք ամառ: Գարնանային իրադարձությունների ամփոփման համար, ամենայն հավանականությամբ, պետք է աշուն հասնել, և միայն ձմռանը հնարավոր կլինի հասկանալ` ի՞նչ տվեց ու ի՞նչ տարավ 2018-ը: Հուսանք, որ Հայաստանը 2019 կմտնի անցումային շրջանն ավարտած, ներքին ու արտաքին քաղաքականության ուղղությունները որոշակիացրած, զարգացման շանսերն ու միտումները պարզած: Քաղաքական փոփոխությունների շրջանն ավարտած ու բնականոն կյանքի իրավունքով: Թեպետ ընթացիկ իրադարձությունները այս ցանկությունների համար քիչ տեղ են թողնում: Օրինաչափ է, որ բոլորը փոփոխություններ են ուզում, այլապես չէր լինի` ինչ եղավ, բայց ժամանակն է, որ «Դուխով» կարգախոսին փոխարինի «Խելքով» կարգախոսը:


Քաղաքագիտական որևէ հասկացություն այսօր Հայաստանում չի գործում: Ստեղծվել է անոմալ վիճակ։ Թեպետ Հրայր Թովմասյանը պնդում է, որ նոր Սահմանադրությունը նորմալ գործառնում է, Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, ճգնաժամը ակնհայտ է հենց խորհրդարանում, որտեղ քաղաքական մեծամասնությունն ընդդիմություն է և բավարար ձայներ ունի իշխանության օրենսդրական նախաձեռնություններին «ոչ» ասելու ու ցանկացած պահի քաղաքական անկայունության հեղինակ դառնալու համար: Սահմանադրությունը` Սահմանադրություն, գլխավոր խնդիրը 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն են, որ բացարձակ մեծամասնություն գրանցեցին ՀՀԿ-ի ակտիվում, թեպետ ՀՀԿ-ն չուներ ու չունի ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում ընտրություններից հետո սովորաբար ձևավորվում են կոալիցիոն կառավարություններ` ամենից շատ ձայներ հավաքած և գաղափարապես համամիտ ուժերից, եթե չկա գաղափարական համաձայնություն և կոալիցիա չի ձևավորվում, նշանակվում են նոր ընտրություններ: Սահմանադրությունը աշխատում է մեկ դեպքում` երբ ընտրությունների արդյունքները համարժեք են հասարակական տրամադրություններին ու քաղաքական ուժերը կասկածի տակ չեն դնում: Հարցերի հարցը Հայաստանում ընտրություններն են: 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքները ստեղծեցին 2018-ի թավշյա անվանված, բայց դեռ կիսատ իշխանափոխությունը: Նման երկիշխանության պայմաններում ոչ մի կողմի ձեռքբերումները հաստատուն չեն:


Երեկ ու այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բայց աջակցությունը մեկ և ընդմիշտ տրված ընծա չէ` անձնական օգտագործման համար: Կառավարության գործունեությունից է կախված աջակցության աստիճանը և տևականությունը: Արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում հավաքված երիտհեղափոխականները համերաշխ ու ներդաշնակ չեն գործում իրենց նպատակներին ու հայտարարություններին: Կա երկու տարբերակ` կամ նրանք համարում են, որ բավարար չափով խելացի են ու իրավասու որոշումներ ընդունելու և իրականացնելու համար` առանց վարչապետին տեղեկացնելու ու նրա համաձայնությունը ստանալու, կամ նրան չեն լսում: Երկու դեպքն էլ անթույլատրելի է, երբ գործ ունես պետության հետ: Իշխանության դեմ պայքարը չի կարելի շփոթել պետության դեմ քայլերի հետ: Պետության հետ խաղեր չես տա փողոցային պայքարի մեթոդներով: Ի վերջո` դա կարող է վերաճել համաժողովրդական հակադարձ շարժման: Հանրային վստահությունը միակ կապիտալն է, որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը: Այդ կապիտալի վատնումը վերաճելու է ՀՀԿ-ի իշխանության վերադարձի կամ քաոսի: Ցանկացած պահի ՀՀԿ-ն կարող է սահմանադրական ճգնաժամ ստեղծել երկրում ու հասնել կառավարության հրաժարականի: Թեկուզ մեկ տարի անց` ԱԺ մեծամասնությունը հնարավորություն ունի անվստահություն հայտնելու կառավարությանը:
ՀՀԿ խմբակցության փլուզումը և փոքրամասնություն դառնալը հավանական են, և ընդունում է նույնիսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրանք չեն պառակտվում ոչ այն պատճառով, որ գաղափարապես սերտ ու մարդկայնորեն համերաշխ են, պարզապես գնալու տեղ չկա` փոքր կուսակցություններ մտնելն անհեռանկար է, ԲՀԿ-ն պայմաններ կդնի ու ոչ բոլորին կընդունի` յուրայինների ձեռքը կրակն ընկած: Սամվել Ալեքսանյանի օրինակը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն չափազանց խոցելի է գործարար հատվածով, որ տնտեսական անձեռնմխելիությունը կորցրել է և հայտնվել օրենքի դեմ հանդիման, բայց նրանց համատարած ԱԱԾ-ին հանձնելը քանդելու է տնտեսությունը, և նրանք դա հիանալի գիտեն ու կօգտագործեն: Պայքարը պետք է լինի ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ` ստեղծելով պայմաններ, որտեղ կոռուպցիան, հովանավորչությունն ու գանձագողությունը ձեռնտու չլինեն, իսկ դա ժամանակ է պահանջում:


Հնին վերադարձը իսպառ բացառելով հանդերձ` նորի ձախողումը սպառնալիք է ազգային անվտանգությանն ու պետականությանը: Բայց այդ զգացողությունն ու ընկալումը, կարծես, քչերն ունեն: Գիտակցությունը` առավել ևս: Այլապես չէր ստացվի մայիսի 28-ի կազուսը: Սարդարապատում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ ելույթ է ունենում, որ Առաջին հանրապետության 100-ամյակին «Հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը», վստահեցնում է, որ «ՀՀ հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ: ՀՀ-ն Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը», իսկ տոնակատարության հաղթական ու ինքնիշխան կազմակերպիչները նրան են հրամցնում տոնական ծրագիր, որտեղ ինքնիշխանության դրսևորումները խոշորացույցով էլ չես գտնի: Հարցը միայն ռուսական երգերը չեն, հարցը տոնի բովանդակությունն է, որ հակասության մեջ է մտնում պետության ղեկավարի խոսքի հետ: Եզրակացնել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան չի հասկացել` մայիսի 28-ը մայիսի 9-ի հետ շփոթելով, ոչինչ չի նշանակում: Կամ վկայում է, որ նոր իշխանությունը պատրաստ չէ իր գաղափարներին ու նպատակներին համահունչ պետական միջոցառումներ կազմակերպելուն: Այլապես հոդաբաշխ բացատրություն չունի ԱԺ նախագահի ու փոխնախագահների, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի բացակայությունը Սարդարապատում: Նման մակարդակի միջոցառումներում չեն կարող «թյուրիմացություններ» լինել, իսկ եթե լինում են, կամ միտումնավոր են, կամ պետք է համարժեք գնահատական ստանան: Վարկածը, որ այդկերպ հեղափոխությունը իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀԿ-ի ու ԱԺ-ի նկատմամբ, չափազանց ճղճիմ է` սիրո ու համերաշխության հեղափոխության ավանդույթների համադրությամբ, բազում այլ տարբերակներ կան` նույնքան հրապարակային: Այլապես կասկածի տակ է առնվում Նիկոլ Փաշինյանի նախահեղափոխական հայտարարությունը, որ վենդետաներ չեն լինելու: Վենդետան մարդուն հրապարակավ կախաղան հանելը կամ թիկունքից կրակելը չէ: Դա ոչ թե փորձի պակաս է, այլ խելքի: Սա կոշտ ազդանշան է, որ Հայաստանը կարող է ձախողել միջազգային միջոցառումների կազմակերպումը ևս:


ՀՀԿ-ն պետք չէ շփոթել պետության հետ նույնիսկ այն պարագայում, երբ իր բազմամյա կառավարման ընթացքում հասցրել է սերտաճել պետության հետ: Համակարգը փոխելու մտադրությունը այս ընթացքում ստանում է նույնքան ձևախեղված դրսևորումներ, որքան եղել է ՀՀԿ-ի կառավարման ժամանակ: Այո, դպրոցների ու բուհերի քաղաքականացումը սխալ է: Եվ ուսուցիչները, և ուսանողները երկրի քաղաքական կյանքին մասնակցության բոլոր իրավունքներն ունեն` անհնար է որևէ մեկին արգելել կուսակցության անդամ լինել կամ քաղաքական հայացքներ ունենալ, բայց ոչ աշխատավայրում քաղաքական գործունեություն ծավալել և պաշտոնը օգտագործել կուսակցության հարցերի լուծման նպատակով: Դա յուրաքանչյուրի անձնական գործն է` նրա համոզմունքների ու նախընտրությունների: Տասնամյակներով դպրոցների տնօրեններն ու բուհերի ռեկտորները պարտադիր ՀՀԿ-ականներ են եղել` սակավ բացառություններով: Այլապես պաշտոն չէին ստանա: Բայց դա դեռ չի նշանակում, որ հիմա բոլորին պետք է պաշտոնանկել ՀՀԿ-ին պատկանելության սկզբունքով` անտեսելով, որ նրանք մասնագետ են, ունեն որոշակի հմտություններ ու գիտելիքներ: Ինչո՞վ է լցվելու այդ վակուումը, եթե հրաժարականների տրենդը շարունակվի: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օրինակը ամենացայտուն ապացույցն է: Անկախ` ով ինչպես է վերաբերվում Արամ Սիմոնյանին, ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկությունը մոտ 100 ուսանողների, երբ ԵՊՀ-ն ունի 17000 ուսանող, պահանջով, մեղմ ասած, տեղին չէ:

«ԵՊՀ տոտալ ռեստարտ» ակցիայի կազմակերպիչները պահանջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարումը, ֆինանսական աուդիտ, ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում: Ընդունեք, որ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջ է: Ինչու՞: Որովհետև հեղափոխությունից առաջ Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դռները փա՞կ էին պետհամալսարան մտած Նիկոլ Փաշինյանի առաջ, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականը ինչու՞ ոչ ոք չի պահանջում` նա էլ Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթեր չտվեց: Հեղափոխական էնտուզիազմը չի կարող գերակայել օրինականությանը: Կան տարրական պատշաճություն ու մարդկային օրինավորություն: Ռեկտորին սրտի տագնապով հիվանդանոց հասցնելով` ի՞նչ խնդիր է լուծվում: Միանգամայն իրավացի է ԵՊՀ-ն, երբ հայտարարում է, որ համալսարանը քաղաքական ճնշումների է ենթարկվում, այլապես ի՞նչ գործ ունեին ցուցարար ուսանողների հետ ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն ու մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը: Արամ Սիմոնյանի` Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոնում հայտնվելուց հետո ցուցարարները դադարեցրին բողոքի ակցիաները, ի՞նչ է լինելու, երբ նա վերադառնա: Նկատի առեք` քննությունների շրջանում: Համալսարանը սովորելու ու կրթություն ստանալու համա՞ր է, թե՞ նոր քաղաքականությունը համակարգում պրոյեկտելու: Եվ ո՞րն է այդ քաղաքականությունը` բոլորն զբաղվում են քաղաքականությա՞մբ: Իսկ ո՞վ է աշխատելու, ո՞վ է սովորելու: Եվ ընդհանրապես` ու՞մ է ձեռնտու տոտալ քաղաքականացումը: Չկա՞ վտանգ, որ ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանը չի կարողանա վերահսկել իրավիճակը ոչ միայն սեփական թիմում, այլև երկրում: Առավել ևս, որ ունի ՀՀԿ-ի պես բոլոր կառույցներին սերտաճած ու նահանջի տեղ չունեցող ընդդիմություն: Ոչ մի հեղափոխություն առանց վենդետայի չի եղել, դա պատմություն է, որ հնարավոր չէ բեկանել, բայց չի նշանակում, որ օրինաչափություն է: Կմնա՞ Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր, թե՞ կամավոր հրաժարական կտա կամ կհեռանա ցուցարարների ճնշմամբ` բուն հարցը չէ, հարցը մթնոլորտն է` հրաժարականների համաճարակի տարածման դեպքում պետությունը կորցնելու է կառավարումը: Առավել ևս, որ իշխանության են գալիս լավագույն մտադրություններ ունեցող, ոչ միայն անփորձ, այլև իրենց վստահված ոլորտներից անտեղյակ մարդիկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Սխալ է նախարարությունները բաժանել կարևորի ու ոչ այնքան կարևորի` արտաքին գործերի, պաշտպանության, էկոնոմիկայի ու ֆինանսների չափ կարևոր են առողջապահությունն ու կրթությունը, մշակույթն ու սպորտը: Բոլորի հաջողությունն է երաշխավորում ընդհանուր հաջողությունը` սա աքսիոմ է, որ մեր դեպքում թեորեմ է դառնում: Իսկ ապացույցներ չկան: Ինչպես չկա ժամանակ: Արտահերթ ընտրություններից առաջ մթնոլորտի ու կենսամակարդակի տեսանելի փոփոխություն է պետք: Այլ շահագրգռություններ չունեցող ընտրողն անկանխատեսելի է իր գնահատականներում: Եվ արդեն ժամանակն է արտահերթ ընտրությունների ժամկետների մեջ որոշակիություն մտցնել, որ բազում հարցականներ ու շահարկումներ կհանի: Դուխով քայլերից հետո գալիս է խելքով քայլերի հերթը:

Դիտվել է՝ 3959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ